38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Գիշերվա կեսի իմ անգին հիշատակներ

Գիշերվա կեսի իմ անգին հիշատակներ
29.11.2023 | 14:44

էս անհոգ թոռս տեսնես որ մենձանա, սրա վերջը ի՞նչ պիտի լինի:

Սաղ տունս գալիս խառնում է:

Մի սիրուն բան հետը չեմ կարողանում խոսել:

Վերջը մերը` աղջիկս, տանում-նստեցնում է մեքենան, դեմը դնում մաշա մուլտիկը ու ասում.

- Դե՛, պապիկին ասա` բա՜յ…

Սկի դա չի ասում:

Ասում եմ` դե ոչինչ, գնացեք տուն հասեք...

Մերս ինձ իջեցնում էր բեռներով Մառնեուլ կայարան, գռուզավիկ շոֆերներով հասնում էինք Մածավան:

Պապս էշով մեզ սպասում էր, իջնում էինք, ու ինձ նստեցնում էին իշուկին, սար ու ձորով հասնում էինք Դաղեթի մեր անգին տունը:

Աղբյուրի մոտ պապս ասում էր.

- Սոնա՛, րեխեն ծարավ կլի…

Ինձ ջուր էին տալիս: Լուսիկ տատս արդեն մեր դեմն էր գալիս վու՜յ-վու՜յ անելով:

Հիմա թոռս ամենավերջին «Լեքսուսը» նստում է ու՝ ես հեչ... Մածավանից մինչև Դաղեթ ծեր, գլուխը սիպտակ պապս, սապոգները հագին իշուկին հա ասում էր` հը՜ը՜ը՜ը՜...

Այսինքն դա նշանակում էր, որ իշուկը ինձ հանկարծ վրայից օդ չթռցնի:

Երեք կիլոմետր սար ու ձորով գալիս էինք, մերս այդ ժամանակ այնքան սիրուն էր, բայց հավատարիմ մնաց կնամոլ հորս մինչև իր վերջին շունչը:

Լուսիկ տատս աքլորին արդեն մորթած, կարտոֆիլի ու սոխի մեջ տապակած մեզ էր սպասում:

Հիմա աչքերիցս արցունքները հոսում են առվակ-առվակ... Սիրտս է լալիս...

Հե՜յ իմ անգիններ, իմ անուշ Արշակ պապ, իմ անգին Լուսիկ տատ, իմ աննման և միակ իմ Սոնա մամ, իմ պայծառ իշուկ, ու՞ր եք, իմ սիրուններ, իմ հարազատներ, իմ սիրտը էս անտեր Հոլիվուդում քանդուքարափ անողներ, իմ թանկ հիշատակներ, երազներիս մեջ եք գալիս ու գիշերվա կեսին ինձ վեր կացնում, գլուխս բռնել եք տալիս՝ ծեր աչքերիցս գիշերվա կեսին առվակներ ու գետեր հոսեցնում...

Ես ձեզ կմոռանամ միայն, երբ աչքերս տխուր ու հավիտյան փակեմ, բայց վախենամ, թե նույնիսկ մեռած՝ ձեզ կարոտեմ, ձեզ հիշեմ ու հողի տակ էլի հոնգուր-հոնգուր լաց լինեմ:

Վարդան ԽԱՐԱԶՅԱՆ

Գծանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 3852

Մեկնաբանություններ